ԱՄՆ վարչակազմը պատասխանատվություն չի կրում Starlink արբանյակային ինտերնետի համակարգի աշխատանքի սահմանափակումների համար, հայտնում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որևէ առնչություն չունի Starlink-ի աշխատանքի ենթադրյալ դանդաղեցման հետ:
Ամերիկացի պաշտոնյաները մատնանշել են համակարգում տեղի ունեցած տեխնիկական խափանումը, սակայն ուկրաինական կողմը կասկածում է, որ սա Սպիտակ տան կողմից արված նախազգուշացում էր:
Ինչպես հստակեցնում է պորտալը, Կիևի կարծիքով՝ սահմանափակումները միտումնավոր են մտցվել մշակող SpaceX ընկերության կողմից, որպեսզի Ուկրաինային ստիպեն համաձայնել ռուսական նավթավերամշակման գործարաններին չհարվածելու վերաբերյալ Թրամփի պահանջին:
Պարբերականի երկու աղբյուրների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բարձրաստիճան խորհրդականները չորեքշաբթի օրը կապ են հաստատել Սպիտակ տան իրենց գործընկերների հետ և հետաքրքրվել, թե արդյոք Starlink-ի աշխատանքը դադարեցնելու որոշում է կայացվել, և ինչ կարելի է անել իրավիճակը շտկելու համար:
Ուկրաինացի պաշտոնյաները նմանատիպ հարցումներով դիմել են նաև ԿՀՎ և Պենտագոն: Axios-ի զրուցակիցները նշել են, որ Սպիտակ տան ներկայացուցիչները հայտնել են ուկրաինական կողմին, որ իրենք չեն վերահսկում SpaceX ընկերության գործունեությունը:
Աղբյուրներից մեկն ընդգծել է, որ Թրամփի վարչակազմը պատրաստվում է կապ հաստատել SpaceX-ի հետ՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել:





























