ԱՄՆ ռազմական գերատեսչությունը պատրաստվում է արդեն այս տարի 50 միլիարդ դոլար հայցել հարյուր հազարավոր անօդաչու համակարգերի զանգվածային արտադրության և զինված ուժերում դրանց լայնամասշտաբ ներդրման համար։ Այս մասին Վաշինգտոնում ԱՄՆ բանակի ասոցիացիայի (AUSA) ամենամյա համաժողովի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

Հեգսեթն այս ֆինանսավորումը բնորոշել է որպես միանվագ ներդրում, այլ ոչ թե ամենամյա կանոնավոր հատկացումներ։ Նրա խոսքով՝ այս հայտը ջանքերի մի մասն է, որոնք ուղղված են նման տեխնոլոգիաները զգալիորեն ավելի մեծ ծավալներով հասանելի դարձնելուն։

«Ի վերջո, արդեն այս տարի խոսքը վերաբերելու է հարյուր հազարավոր մեկանգամյա օգտագործման հարվածային անօդաչու թռչող սարքերի, իսկ առաջիկա տարիներին՝ միլիոնավորների։ Նման տեմպեր մեր գերատեսչությունը դեռ երբեք չի տեսել»,- ընդգծել է Պենտագոնի ղեկավարը։

50 միլիարդ դոլարի գումարը ներառված չէ 2027 ֆինանսական տարվա Պենտագոնի հիմնական բյուջետային հայտում, որն արդեն իսկ նախատեսում է 53,6 միլիարդ դոլարի հատկացում «Գերիշխանություն անօդաչու համակարգերի ոլորտում» նախաձեռնությանը․ այն ընդգրկում է անօդաչու համակարգերի և դրանց դեմ պայքարի միջոցների ձեռքբերումը, հակառակորդի հակազդեցության պայմաններում լոգիստիկայի ապահովումն ու տեխնոլոգիաների զարգացումը։

ԱՄՆ ռազմական նախարարը նշել է, որ Պենտագոնը պետք է դյուրացնի նոր ընկերությունների մուտքը պաշտպանական շուկա, որտեղ երկար ժամանակ գերիշխում էին խոշոր, վաղուց հաստատված կապալառուներն ու թանկարժեք հարթակները։ Հեգսեթի խոսքով՝ ավանդական պաշտպանական ձեռնարկությունները նախկինի պես կարևոր են, սակայն գերատեսչությանը նաև անհրաժեշտ են ավելի էժան համակարգեր, որոնք հնարավոր է արտադրել զանգվածային ծավալներով։