Հայաստանի Հանրապետության կառավարություն, ամո՛թ քեզ. Ամո՛թ, քո կեղծիքների համար, քո ստերի համար, քո մարդկանց իրավունքների ոտնահարման համար, գռեհիկության և հերհյուրանք տարածելու համար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15–ին, կառավարության դիմաց արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Այդ ո՞ր մի երկիրն է պաշտպանում կլիմայական ինչ-որ բարելավելու համար իրավունքներ՝ ոչնչացնելով Հրազդանի կիրճը, Աղի լճի տարածքը։ Այդ ո՞վ է տեսել, որ հերհյուրանքի հիման վրա հարձակվեն և հակաքրիստոնեական արշավ սկսեն մի երկրում, որն առաջինն է պետականորեն ընդունել քրիստոնեությունը։
Ի՞նչ է, կլիմայի համար պայքարը ենթադրում է գռեհիկ, կեղծ ստերով սկսած և շարունակվող այս հակաքրիստոնեական արշա՞վը, ի՞նչ է, կլիմայի պաշտպանությունը ենթադրում է ընդդիմադիր խոսք ասողներին, ֆեյսբուքում ինչ-որ տարիներ առաջ գրառում արածներին անպայման ձերբակալե՞լ։ Նրանք անպայման պետք է ձերբակալվե՞ն, որ դուք կարողանաք կլիման պաշտպանել։
Այն ինչ տեղի է ունենում Հայաստանում աննախադեպ է մեր բազմահազարամյա պատմության մեջ։ Որևէ մեկդ չսխալվեք մտածելով, որ այդ ինչ անում է այս կառավարությունը, Ադրբեջանի կամ որևէ մեկի ճնշման ներքո է, ո՛չ։ Իրենք են կրողը այս հայացյաց քաղաքականության։ Մենք երբևիցե չենք ունեցել կառավարություն, որը այսպիսի հայացյաց ոչ միայն արցախահայության դեմ, այլ հայության դեմ արշավը սկսի և շարունակի»։
Լարիս Ալավերդյանը դիմեց ԱԺ Քպ–ական պատգամավորներին՝ նշելով. «Ամաչե՛ք ինքներդ ձեր երեխաների մոտ, դուք եք քանդում, դուք եք ավիրում մեր ապագան։
Պարզվում է՝ ապագան հեռու չի, այն ինչ որ այսօր կա, դա ապագա է, ես մեջբերում եմ անում ՔՊ-ական առաջնորդից։ Երկրորդը, պարզվում է, որ ընդհանրապես պատմությունը ոչ թե անցյալի մասին է, այլ ներկայի։ Քիչ է մնում Նոր տոմարը սկսեն 2018 թվականից։ Ամոթ ձեզ, անգրագիտության մարմնավորում եք դուք ձեր թիմով։ Դուք դրանով ոչ թե ձեզ եք միայն խայտառակ անում, դուք խայտառակ եք անում ամբողջ ռեսպուբլիկան։ Ես կարծում եմ՝ որևէ ազնիվ մարդ, գրագետ մարդ, որևէ անկեղծ մարդ չի կարող լռել այսօր և ձևացնել, որ այս գռեհիկ և կեղծիքներով հանդես եկող իշխանությունը հավակնում է պաշտպանել կլիման, կլիման մենք պիտի պաշտպանենք»։





























