Ուկրաինան եռօրյա ընդմիջումից հետո վերսկսում է ռուսական նավթավերամշակման գործարանների (ՆՎԳ) ուղղությամբ հարվածները, Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Արգելքը հանված է։ Հերի՛ք է»,– ասել է նա։ Նրա խոսքով՝ Կիևը համաձայնել էր էներգետիկ զինադադարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով և դադարեցրել նշված օբյեկտների նկատմամբ իրականացվող հարվածները, սակայն Ռուսաստանը շարունակում էր հարվածել ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել։

Զելենսկին նաև նշել է, որ ՆՎԳ-ներին հարվածելու դադարից զատ՝ ուկրաինական բանակը զրկվել է ռուսական բալիստիկ հարձակումների վերաբերյալ ամերիկյան նախազգուշացումներից։ Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի համար դանդաղեցվել է ամերիկյան Starlink արբանյակային ցանցի աշխատանքը, ինչը բարդացրել է ճակատում ընթացող գործողություններն ու հակառակորդի ռազմական օբյեկտներին միջին հեռահարության հարվածները։ Ուկրաինայի ղեկավարի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն զգուշացրել էր, որ ՆՎԳ-ների ուղղությամբ հարվածները շարունակելու դեպքում կսահմանափակի հետախուզական տվյալների փոխանակումը, սակայն հետագայում ամեն ինչ բարդել է խափանման վրա։ «Դա տեխնիկական խնդիր չէր, այլ ցանկության բացակայություն․․․ Անկասկած, նրանք հիանալի գիտակցում էին, թե ինչ են անում»,- ընդգծել է Զելենսկին։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Ուկրաինան կարող է հրաժարվել ՆՎԳ-ներին հարվածելուց նույնիսկ առանց ռուսական հարձակումների դադարեցման՝ ԱՄՆ-ի կողմից Patriot ՀՕՊ համակարգերի համար լրացուցիչ հրթիռներ ստանալու դիմաց։ Զելենսկին դա անվանել է նվազագույն պայման։