Թերթը հայտնում է, որ նոյեմբերի 24-ից Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող գազի ծավալները կրճատվել են: Ըստ վրացական կողմի` 1200 միլիմետր տրամաչափով հիմնական գազատարի վրա իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Այդ պատճառով գազի հոսքը միացվել է ավելի փոքր` 700 միլիմետր տրամաչափ ունեցող գազատարին, որը հնարավորություն ունի օրական բաց թողնել շատ ավելի փոքր ծավալի գազ` օրական 4500 խորանարդ մետր:
Հաշվի առնելով նախկինում արձանագրված դեպքերը, երբ ամենաբարդ վթարները վերականգնվում էին մի քանի օրվա ընթացքում կամ առավելագույնը մեկ շաբաթում, եւ այն, որ այս անգամ չկա վերականգնողական աշխատանքների բնույթի մասին որեւէ տեղեկատվություն, կասկած է առաջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Մասնավորապես հայտնի է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հետաքրքրված է Ռուսաստան-Հայաստան գազատարի` Վրաստանով անցնող հատվածի ձեռքբերմամբ: Հավանական է, որ եթե Վրաստանը սեփականաշնորհի իր տարածքով անցնող Ռուսաստան-Հայաստան գազատարի հատվածը, ապա Ադրբեջանի կառավարությունը հետաքրքրություն կցուցաբերի նաեւ այդ ակտիվների նկատմամբ:
Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի տարանցման համար որպես վարձ Վրաստանին թողնվում է գազի ծավալի 10 տոկոսը: Փորձագետները չեն բացառում, որ Վրաստանի վերջին քայլերը գազի տարանցման համար վճարվող տարիֆի բարձրացման միտում ունեն:





























