Երեկ երեկոյան՝ ժամը 21:30-ին Երեւան է ժամանել Ադրբեջանի ձյուդոյի հավաքականը, որը մասնակցելու է սեպտեմբերի 11-ին մեկնարկող ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

Ադրբեջանական պատվիրակությունը Երեւան է ժամանել Վրաստանից՝ «Արմավիա» ավիաընկերությանԹբիլիսի-Երեւան U824 չվերթի ինքնաթիռով:

Ներկայումս ադրբեջանական պատվիրակությունը գտնվում է «Կոնգրես» հյուրանոցում:

«Կոնգրես» հյուրանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ հանգրվանել են 30 ադրբեջանցիներ, որոնց մի մասը անվտանգության աշխատակիցներ են, որ հսկելու են ադրբեջանից մարզիկների անվտանգությունը: Իսկ մարզական պատվիրակությունը բաղկացած է 15 հոգուց:

Երեւանում կայանալիք մայրցամաքային առաջնությանը Ադրբեջանից կմասնակցեն Իլգար Մուշկիեւը (55 կգ քաշային կարգ), Ռասիմ Սաադուլլաեւը (60 կգ), Ֆագան Էմինօղլուն (66 կգ), Օրհան Դունյամալիեւը (73 կգ), Ռամին Ղուրբանովը (81 կգ), Շաին Ղահրամանովը (90 կգ), Էլմար Գասիմովը (100 կգ), Նադիր Բաբաեւը (100 կգ-ից բարձր), ինչպես նաեւ մարզիչներ Ռաշադ Մամեդովը, Ֆարհադ Մամեդովը, Ռաշադ Հասանովը, Ազեր Շիհալիեւը եւ դատավոր Վալեհ Մահերամովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի սպորտի նախարարների միջեւ ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ հայկական կողմը երաշխավորում է ադրբեջանական մարզիկների անվտանգությունը Երեւանում եղած ժամանակ, երաշխավորում է ապահովել նորմալ պայմաններ ադրբեջանական մարզիկների մարզումների համար, ինչպես նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից միջոցառումը լուսաբանելու հնարավորության ապահովումը, այլ պետությունների դրոշների շարքում ադրբեջանական դրոշի առկայությունը, ադրբեջանական ձյուդոիստների հաղթանակի դեպքում Ադրբեջանի օրհներգի կատարման ու պետական դրոշի բարձրացման հնարավորությունը։

ԽՍՀՄ փլուզումից հետո սա առաջին դեպքն է, երբ հարեւան հանրապետության հավաքականը Երեւանում կմասնակցի մարզական միջոցառման:

Սեպտեմբերի 11-ին մեկնարկելիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելու են 40 երկրների ներկայացուցիչներ: