Կառավարությունն ընդունել է մի որոշում, ըստ որի՝ 2011 թ. հունվարի 1-ից գործարարներն այլեւս չեն կարող հաշիվ-ապրանքագրերի համար անհրաժեշտ բլակները ձեռք բերել խանութներից կամ այլ վաճառակետերից։ Դրանք հարկավոր է ստանալ բացառապես հարկային մարմիններից՝ նույնպես վճարովի հիմունքներով։
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին հրավիրած ասուիսում պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Ռուբիկ Քոչարյանն ասաց, որ գործարարների մի մասը կեղծարարություններ է իրականացրել ավելացված արժեքի հարկի հաշիվների հետ կապված, որի պատճառով կան հարուցված քրեական գործեր։
Սակայն Ռ. Քոչարյանը հրաժարվեց ասել, թե քանի՞ քրեական գործ է հարուցված, եւ բյուջեն ի՞նչ վնասներ է կրել նման կեղծարարություններից։
ԱԱՀ-ի հաշիվների կեղծումը բացառելու նպատակով կառավարությունը գործարարներին այդ հաշիվները վարելու երկու եղանակ է առաջարկում։ Կամ անցնել էլեկտրոնային հաշիվներին՝ բացառելով ֆիզիկական շփումը հարկային աշխատողի հետ, կամ համապատասխան բլանկներն ստանալ հարկային մարմնից (դրանք կլինեն համարակալված)։ Ընդ որում՝ կառավարությունն ավելի հեռանկարային է համարում հաշիվների վարման էլեկտրոնային տարբերակը։ Ըստ օրենքի՝ տարեկան 100 մլն դրամից ավելի շրջանառություն ունեցող կազմակերպությունները պետք է պարտադիր անցնեն էլեկտրոնային հաշիվների վարման։ Ներկայում, ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միխայիլ Փաշինյանի՝ մոտ 300 սուբյեկտներ արդեն ունեն էլեկտրոնային ստորագրություն։ Բացի այն, որ էլեկտրոնային հաշիվը բացառում է հարկային մարմնի հետ շփումները, ըստ Փաշինյանի, այն նաեւ այլ առավելություններ ունի։ Օրինակ՝ ավելացված արժեքի հարկը հաշվարկվում է ավտոմատ, այսինքն՝ էլեկտրոնային հաշիվը փոքր հաշվապահության դեր է տանում:




























