Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ամենատպավորիչ եւ կարեւոր ելույթը համարում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւինը, որում վերջինս հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պետք է բացառել ուժի կիրառումը։ Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ինքը՝ ՀՀԿ փոխնախագահը։

«Աստանայի գագաթաժողովին  կարեւոր էր նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի ելույթը, ուր նշվում էր երեք հիմնարար սկզբունքների հավասարազոր լինելու, անտարանջատելիության մասին։ Սա ճնշում էր Ադրբեջանի նախագահի վրա, ով միշտ առաջնային է համարում տարածքային ամբողջականության սկզբունքը։ Բավական դինամիկ էր  նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, ուր նա ուղիղ ասաց, որ եթե Ադրբեջանը փորձի ղարաբաղյան հակամարտությունը լուծել ուժի կիրառմամբ, Հայաստանը դե յուրե կճանաչի ԼՂՀ-ն»,- նկատեց Զոհրաբյանը։

NEWS.am-ի հարցին, թե հակառակ սպասվածի՝ ինչո՞ւ Աստանայում տեղի չունեցավ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը եւ ինչո՞ւ Ադրբեջանի նախագահը «փախավ» ԵԱՀԿ գագաթաժողովից, ՀՀԿ փոխնախագահը նշեց. «Ընդունված հնգակողմ հայարարության մեջ առաջին անգամ հղում էր արվում ՄԱԿ-ի կանոնադրությանը, ուր առաջնային է ազգերի ինքնորոշման սկզբունքը։ Այդ սկզբունքով տասնյակ երկրներ պայքար են մղել, դարձել են անկախ պետություններ։ Փաստորեն  Ալիեւը գիտեր, որ այդ հանդիպման ժամանակ ինքը պետք է առաջ տաներ իր՝ տարածքային ամբողջականության մասին սկզբունքը, իսկ հայկական կողմը՝ պետք է ասեր, որ երեք սկզբունքներն էլ հավասարազոր են։ Ամեն դեպքում, ՄԱԿ-ի կանոնադրությունը մեզ համար բավական զորեղ փաստաթուղթ է, որովհետեւ դա բավարար է, որ մենք ճանաչենք Ղարաբաղի անկախությունը, եւ նույնը պահանջենք միջազգային հանրությունից»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Ամփոփելով՝ նա հատկանշական համարեց, որ Աստանայում բավական հստակ ասվել է, որ Հայաստանն Ադրբեջանին տարածքներ չի հանձնի եւ անհրաժեշտության դեպքում անհապաղ կճանաչի Ղարաբաղի անկախությունը։