ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացի ուղղությամբ Հայաստանի քայլերը պետք է լինեն այնպիսին, որ ունքն ուղղելու փոխարեն աչքն էլ հետը չհանենք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 3-ին հայտարարեց ՀՅԴ հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Աստանայում ունեցած ելույթի այն հատվածին, ըստ որի՝ եթե Ադրբեջանը շարունակի ռազմական ագրեսիան, Հայաստանը կսկսի ԼՂՀ-ն դե յուրե ճանաչելու գործընթաց:
«Հուսամ՝ նախագահի ասածն այն չէ, որ միայն ռազմական ագրեսիայի դեպքում մենք կճանաչենք ԼՂ անկախությունը: Այդ դեպքում այլընտրանք չենք ունենա եւ պետք է միացում հայտարարենք ու վերջ»,-նշեց Մանոյանը՝ հավելելով, որ ճանաչման հարցը պետք է օրակարգ մտնի նաեւ այն ժամանակ, երբ ԼՂ խնդրով ընթացող բանակցությունները փակուղի մտնեն:
Ըստ դաշնակցական գործչի՝ լավ կլինի, որ ԱԺ-ն խելամիտ ելք գտնի ճանաչման ուղղությամբ, այնպիսի ելք, որպեսզի միակ շահողը լինի Ղարաբաղը:
Մանոյանը Սերժ Սարգսյանի ելույթն, ընդհանուր առմամբ, դրական գնահատեց, բացառությամբ այն հատվածի, որտեղ ԼՂՀ ճանաչումը միայն պատերազմով է պայմանավորում: «Եթե ճանաչումը միայն պատերազմով չի պայմանավորվում, ապա ելույթի մնացած կետերի հետ խնդիր չունենք»,-հայտարարեց Մանոյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ տեղի չունեցավ Ալիեւ-Սարգսյան հանդիպում եւ դա ինչի՞ մասին է վկայում, դաշնակցական գործիչն արձագանքեց. «Փաստը, որ տեղի չունեցավ հանդիպում, այնքան էլ դրական երեւույթ չէ»:




























