Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին եւ քննարկել երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման ուղղությունները:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանը բարձր գնահատելով Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունների մակարդակը` համոզմունք է հայտնել, որ դիվանագետն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջեւ արդյունավետ համագործակցության խորացմանը:
Հանդիպման ժամանակ զրուցակիցները հեռանկարային են համարել ֆրանսիական ընկերությունների ներգրավմամբ փոխգործակցության ակտիվացումը փոստային ծառայությունների մատուցման, ապահովագրության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, գինեգործության, դեղագործության եւ օծանելիքի արտադրության ոլորտներում։
Դեսպան Ռենոն նշել է, որ Հայաստանում դեսպանի պաշտոնի ստանձնումն իր համար մեծ պատիվ է ու յուրահատուկ բովանդակություն ունի, ինչը բխում է Հայաստանի հանդեպ ֆրանսիացիների առանձնահատուկ վերաբերմունքից: Ընդգծելով, որ Ֆրանսիան եվրոպական առաջին ներդրողն է Հայաստանում, ինչը վկայում է տնտեսական փոխգործակցության բոլոր ոլորտներում արձանագրված լուրջ առաջընթացի մասին, նա միեւնույն ժամանակ ասել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանքեր կգործադրի ձեւավորված բարեկամական կապերի խորացման, ընդլայնման եւ ամրապնդման ուղղությամբ:
Հյուրի խնդրանքով կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման մոդելը եւ տնտեսական քաղաքականության գերակա ուղղությունները:





























