Նոր տարվա տոներին ընդառաջ՝  արդեն դեկտեմբերի կեսերից, սննդամթերքի շուկայի խիստ ստուգումներ կիրականացվեն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը։

Նրա խոսքով, ամեն տարի Ամանորի նախաշեմին սննդամթերքի շուկայի ստուգումները մեկնարկում են հենց այդ ժամանակ։ «Դեռ շուտ է այդ ուղղությամբ աշխատանքներ սկսել։ Համապատասխան միջոցառումները կմեկնարկեն միայն  դեկտեմբերի 15-ին։ Վերահսկողություն կիրականացվի բոլոր տեսակի սննդամթերքների մասով։ Մեր գերատեսչությունը վերահսկելու է, որպեսզի Ամանորի նախաշեմին շուկա մուտք գործի միայն եւ միայն  որակյալ եւ անվտանգ սննդամթերք»,- հավաստիացրեց Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը՝ միաժամանակ չբացառելով, որ որոշ ապրանքատեսակներ վերահսկողական աշխատանքների արդյունքում կհեռացվեն շուկայից։

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Աբգար Եղոյանն էլ ասաց, որ իրենք, Նոր տարվա տոներին ընդառաջ, պատրաստվում են սննդամթերքի գների մոնիտորինգ անցկացնել։ «Ճիշտ է, մոնիտորինգ անցկացնում ենք ամեն 15 օրը մեկ, սակայն Նոր տարվա նախաշեմին՝ սկսած դեկտեմբերի 15-ից, ստուգումներն ավելի խիստ կլինեն։ Մեր կողմից իրականացված աշխատանքների արդյունքները տեղ կգտնեն վերլուծությունների եւ հրապարակումների մեջ, որոնք էլ հասարակությանը կներկայացվնենք մինչեւ Ամանոր»,- տեղեկացրեց Եղոյանը։

Ամփոփելով՝ նա նկատեց, որ Նոր տարվա նախաշեմին թանկանում են հատկապես ընդեղենը եւ մսեղենը։