Պետական բյուջեի 2011 թ. նախագիծը վերամշակելու համար խորհրդարանը կառավարությանն է փոխանցել 616 առաջարկություն։ Դրանց կեսից ավելին ձեւակերպված է խորհրդարանական խմբակցությունների անունից։ Պետք է նշել, որ պատգամավորների առաջարկությունները բովանդակությամբ համարյա չեն տարբերվում՝ դրանք այս կամ դպրոցի, ուսումնարանի, մշակութային օբյեկտի կամ փողոցի կառուցման կամ վերանորոգման համար գումարների հայց են։
Ամենաշատ առաջարկություն ներկայացրել է ԲՀԿ խմբակցությունը՝ 105։ Դրանց 99 տոկոսից ավելին կառավարությունն ընդունել է։ Ավելի ճիշտ՝ չի ընդունվել միայն մեկը՝ Արմավիրի մարզի Այգկեկ գյուղի դպրոցի վերանորոգման հայցը։ ԲՀԿ-ի հանդեպ նման լոյալ վերաբերմունքը հետին պլան է մղում այն բոլոր խոսակցությւոնները, որ այս կուսակցությունը կոալիցիայից դուրս կգա։ Կարծում ենք՝ առաջիկա մեկ տարում դա հազիվ թե տեղի ունենա։ Հնարավոր է՝ բյուջետային այս առատաձեռնությունը ԲՀԿ-ին կոալիցիայի մեջ պահելու գինն է։
Կոալիցիայի մյուս անդամ «Օրինաց երկիրը» կառավարության առատաձեռնությունից այնքան էլ չի օգտվել՝ նրանց 59 առաջարկներից մեծ մասը մերժվել է կամ հետաձգվել։ Ընդունվել է ընդամենը 16 առաջարկություն, որից 11-ը՝ մասնակի։ Սա ցույց է տալիս, որ «Օրինաց Երկիրը» ոչ կառավարությունում, ոչ էլ կոալիցիայում մեծ ազդեցություն չունի։ Այդ նրանք են ստիպված ջանքեր գործադրել կոալիցիայում մնալու համար, ոչ թե իշխանությունն է ձգտում ջանք թափել նրանց պահելու համար։
Հանրապետական խմբակցությունը ներկայացրել է 89 առաջարկություն, եւ դրանց հիմնական մասը, բնականաբար, ընդունվել է։ Սակայն կառավարությունը «ջրել է» խմբակցության «դաբրոն» չստացած եւ անհատ պատգամավորի անունից ներկայացրած առաջարկությունները։ Օրինակ՝ հանրապետական Հակոբ Հակոնյանն իր անունից ներկայացրել է 20 առաջարկություն եւ դրանք բոլորը մերժվել են։
Ընդդիմության առաջարկների նկատմամբ կառավարության վերաբերմունքը միանշանակ է՝ դրանք ընդունելի չեն։ Հատկապես ջանացել է «Ժառանգությունը»՝ ներկայացնելով 84 առաջարկ։ Դաշնակցությունն ավելի պասիվ է՝ ընդամենը 23 առաջարկ։ Սակայն նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունների որոշ առաջարկություններ պարունակում են նաեւ քաղաքականության փոփոխման տարրեր։
Սամվել Ավագյան





























