Լոռու մարզում նախօրեին բռնկված հրդեհը մարվել է հրշեջ-գնացքի օգնությամբ:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 23:45-ին Սանահինի կայարանից դեպքի վայր է մեկնել հրշեջ-գնացք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին, մարվել՝ 05:35-ին:

Այրվել է մոտ 10 հազար քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  օգոստոսի 15-ին՝ ժամը 19:51-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել ՀՀ Լոռու մարզի Այգեհատ եւ Ծաթեր գյուղերի միջնամասի անտառում:

Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել էր, որ «Լալվար» անտառտնտեսության սկզբնամասում այրվում է խոտ եւ մացառուտ: Լանդշաֆտի անանցանելիության եւ մոտեցման ուղիների բացակայության պատճառով հրդեհաշիջում իրականացնելն անհնար էր:

Տեղում երկու տեղամասով իրականացվել է հերթապահություն՝ հրդեհի մուտքը բուն անտառ կանխելու եւ առաջխաղացումը բացառելու նպատակով:

Կապ է հաստատվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հետ եւ պայմանավորվածություն ձեռք բերվել հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար ներգրավել հրշեջ-գնացքը: