Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսի կարծիքով նույնիսկ լավ է, որ շինարարության աճը Հայաստանում կրճատվել է:
«Շինարարության ոլորտին հատուկ է անկայունությունը: Երբ գները բարձրանում են, բոլորը սկսում են անշարժ գույք վաճառել, իսկ երբ նվազում են` սկսում են գնել: Հայաստանում վերջին տարիներին այս ոլորտը չափազանց արագ էր աճում, եւ հիմա նույնիսկ լավ է, որ աճը փոքր ինչ կրճատվել է, բայց շինարարության որոշակի աճը օգտակար է երկրի համար: Այդ պատճառով կառավարությունը ճիշտ է անում, որ խթանում է անավարտ շենքերի կառուցման ավարտը: Սակայն շատ կարևոր է խթանել նաև մյուս ոլորտները, քանի որ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին չափազանց շատ էր կախված շինարարությունից»,- ասել է Օմեսը: Նրա ներկայացմամբ, 2009 թ. առաջին 7 ամիսներին տնտեսական 18.5% անկման պատճառը երկու երրորդով շինարարությունն է եղել: Ներկայում, ըստ Օմեսի, վատագույն պահը անցել է, որի մասին է վկայում անշարժ գույքի շուկայում գների և գործարքների աճը:
Նկատենք, որ հայաստանյան որոշ տնտեսագետներ կարծիք են հայտնել, որ քանի որ Հայաստանում ճգնաժամի նման խորը ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ տնտեսության մեջ «փչել էին շինարարության փուչիկը», ապա շատ սխալ է ֆինանսավորել այն ոլորտը, որը ճգնաժամի հիմնական մեղավորն է եղել: Խոսքը վերաբերում է նրան, որ ՀՀ կառավարությունը դրսից ստացվող վարկային միջոցների հաշվին պետական երաշխիքներ է տրամադրել 6 կառուցապատող ընկերությունների, որպեսզի նրանք ավարտեն Երեւանի կենտրոնում կառուցվող էլիտար 6 շենքերի շինարարությունը: Ի դեպ, նույն տնտեսագետները նշում են, որ այդ էլիտար շենքերում բնակարաններն այդպես էլ չեն վաճառվում, ուստի այդ ներդրումները կորչում են:




























