«Կարծում եմ, որ Հայաստանի մասնակցությունը Nabucco ծրագրին, դա գլոբալ PR ակցիա է, որով փորձում են շահագրգռել Հայաստանի քաղաքական վերնախավին»,- այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, մեկնաբանելով հարցը, թե որքանո՞վ է իրական, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո Հայաստանը մաս կազմի Nabucco նախագծին: Այսինքն, ըստ քաղաքագետի, «փորձում են մեզ հասկացնել, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների ու Լեռնային Ղարաբաղի խնդիրները լուծվեն, դրանից Հայաստանը կարող է ուղղակիորեն շահել»:

Միաժամանակ, Ե. Բոզոյանը նկատեց, որ մինչ Nabucco նախագծին Հայաստանի մասնակցության մասին խոսելը, «դեռ պետք է հասկանալ, թե որքանո՞վ է իրական Nabucco-ի իրականացումն ընդհանրապես, որովհետեւ այսօր շատերը համարում են, որ առանց Իրանի եւ Թուրքմենստանի այդ ծրագիրը չի իրականանա»:

«Իրանի մասնակցությունն անորոշ է, իսկ Թուրքմենստանը մի շարք խնդիրներ ունի, մասնավորապես այդ երկիրը պատրաստ էր մասնակցել Nabucco-ին միայն փոխլրացման սկզբունքով, այսինքն ասում էր, որ այն գազի քանակը, որն ըստ էության ավելցուկ կմնա, նա պատրաստ է տրամադրել Nabucco-ին: Այդ իմաստով այսօր լրջորեն խոսել „Նաբուկո“-ի մասին, ես չէի պատրաստվի»,- ասաց նա:

Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ Իրան-Հայաստան գազամուղը եւս մաս կազմի Nabucco նախագծին, Ե. Բոզոյանը պատասխանեց. «Ես չեմ բացառում նման հեռանկար, բայց սովորաբար, եթե նման տիպի ծրագրերի մասնակցում է Իրանը, ապա հենց ինքն էլ կարող է ուղղակի Թուրքիայի միջոցով իր գազը հասցնել ու միացնել Nabucco գազամուղին, քանի որ հիմնականում խնդիր կա հնարավորինս քիչ միջնորդ երկրներ ներգրավել նախագծում»: Միաժամանակ նա ընդգծեց, որ եթե Հայաստանը մաս կազմի Nabucco-ին, ապա այդ դեպքում պետք է կառուցել ավելի մեծ տրամաչափի խողովակաշար, որն այս պահի դրությամբ նա իրական չի համարում: