Ռուսաստանի տնտեսությունը Մոսկվան չի, Ռուսաստանի տնտեսությունը տարածաշրջաններն են։ Նման հայտարարություն այսօր՝ դեկտեմբերի 6-ին արեց Ռուսաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի փոխնախագահ Գեորգի Պետրովը՝ հայ-ռուսական բիզնես ֆորումում։ Նրա կարծիքով՝ հայ-ռուսական առեւտրատնտեսական կապերի զարգացման պոտենցիալը թաքնված է հենց տարածաշրջանային կապերի ամրապնդման մեջ։
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի տեղեկացմամբ՝ ներկա պահին գործում են հայ-ռուսական 40 առեւտրատնտեսական համաձայնագրեր, որոնց կեսը բաժին է ընկնում Մոսկվային։ Հայաստանում աշխատում է ռուսական կապիտալով 1200 ձեռնարկություն։
Գ. Պետրովը տեղեկացրեց, որ հայաստանյան բիզնես ֆորումին ներկայացել են հիմնականում տարածաշրջանների ներկայացուցիչներ։ Ֆորումի ընթացքում համաձայնագրեր կնքվեցին Ուրալյան, Հարավ-ուրալյան առեւտրաարդյունաբերական պալատների եւ Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ։




























