Պետեկամուտների կոմիտեի պետ Գագիկ Խաչատրյանը օրերս հրաման է ստորագրել, որով դեկտեմբերի 1-ից արգելվում է գործարարների այցելությունը հարկային մարմին՝ առանց հիմնավոր պատճառի։ ՊԵԿ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն այսօր՝ դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով սույն հրամանը, նշեց, որ դեռեւս մեծ տարածում ունի տարբեր պատրվակներով հարկային մարմիններ գործարարներին հրավիրելու պրակտիկան։ Սակայն ՊԵԿ ղեկավարի հրամանով արգելվելու է ցանկացած շփում, ցանկացած հրավեր, այցելություն, եթե դրանք չեն բխում օրենսդրության կատարման անհրաժեշտությունից։ «Հետաքրքրության համար, հենց այնպես, հարկային տեսչության աշխատակիցներն իրավունք չունեն գործարարներին հրավիրել իրենց մոտ»,- ասաց Ա. Ալավերդյանը։
ՊԵԿ ղեկավարի հրամանի հաջորդ կետը վերաբերում է փաստաթղթերին։ Երբեմն հարկային տեսուչները ավելի շատ փաստաթուղթ կամ տեղեկանք են պահանջում, քան սահմանված է օրենսդրությամբ։ Հրամանով կտրականապես արգելվում է պահանջել ավելին, քան սահմանված է օրենսդրությամբ։
Հաջորդ նորարարությունը վերաբերում է հարկային մարմնի աշխատակցի պահվածքին եւ սպասարկման կուլտուրային։ Հարկային մարմնի աշխատակիցներին, հատկապես նրանց, որոնք առօրյաում հաճախակի են շփվում տնտեսվարողների հետ, հրամայված է ավելի «քաղաքակիրթ» դառնալ։ Բացի այդ՝ տարածքային տեսչությունների սպասարկման բաժինների աշխատակիցներին արգելվել է մասնակցել ստուգման գործընթացներին։




























