Ֆինլանդիայի ոստիկանությանը հավաստի տվյալներ են հայտնի Տուրկու քաղաքում սպանդ կազմակերպողի մասին: Ֆինն իրավապահները պարզել են, որ հանցագործության մեջ մեղադրվող մարոկկացու ո՛չ անունը, ո՛չ տարիքը չեն համապատասխանում իրականությանը:

Yle-ի տվյալներով՝ հանցագործի անունը Ադբեռահման Մեշկախ չէ, եւ նա 18 տարեկան չէ: Հանցագործի իրական տվյալները ոստիկանությանն արդեն հայտնի են, բայց վերջինը չի շտապում հրապարակել դրանք: Նշվում է միայն, որ մեղադրյալը ծնվել է 1994 թվականին Մարոկկոյում, այսինքն՝ հիմա 23 տարեկան է:

Քննչական խմբի ղեկավար Կրիստա Գրանրոտը հայտարարել է, որ գլխավոր կասկածյալը հարցաքննությունից հետո համաձայնել է համագործակցել հետաքննության հետ, հաղորդում է Ռոսբալտը:

Ավելի վաղ Ֆինլանդիայի ոստիկանությունն ազատ էր արձակել Տուրկուի ահաբեկչության հետ կապված երեք ձերբակալվածի, կալանքի տակ դեռեւս 4 անձ կա:

Հիշեցնենք, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին: Դանակով զինված տղամարդը երկու մարդու է սպանել, եւս 8-ի՝ վիրավորել, այդ թվում՝ Իտալիայի, Շվեդիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների: