ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն է ընտրվել ճապոնացի Յուկիա Ամանոն։ Այս մասին հայտնել է «Կիոդո» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Վիեննայի աղբյուրները։
Այդ պաշտոնի թեկնածուների ցուցակում էին ինքը՝ Յուկիա Ամանոն (Ճապոնիա), Աբդուլ Սամադ Մինտին (Հարավ-աֆրիկյան Հանրապետություն), որոնք ՄԱԳԱՏԵ-ում իրենց երկրների մշտական ներկայացուցիչներն են, ինչպես նաև Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության միջուկային էներգիայի գործակալության ղեկավար Լուիս Էչավարին (Իսպանիա)։
«Ճապոնիան մեծ նշանակություն է տալիս այդ կարևոր պաշտոնում 62-ամյա Յուկիա Ամանոյի ընտրվելուն, որը դարձել է, միաժամանակ, այն երկրի առաջին ներկայացուցիչը, որն աշխարհում առաջինն է իր վրա զգացել միջուկային ռմբաhարման սարսափը»,- հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Տատեո Կավամուրան հուլիսի 3-ին կայացած մամլո ասուլիսում։ «Ուրախացնում է այն, որ Ամանոյի թեկնածությունն արժանացավ միջազգային լայն աջակցության, և Ճապոնիան կարողացավ ամրապնդել իր դերն ու հեղինակությունը աշխարհում։ միջուկային ռմբակոծման ենթարկված աշխարհի միակ պետության քաղաքացու ընտրվելը այս պաշտոնում կարևոր նշանակություն ունի։ Մենք հույս ունենք, որ ՄԱԳԱՏԵ-ն նշանակալի դեր կկատարի աշխարհում միջուկային զենքի կրճատման ներկա փուլում»,- նշել է նա։
Ամանոն էլ ասել է, թե որպես Ճապոնիայի ներկայացուցիչ՝ մտադիր է ջանք չխնայել միջուկային զենքի տարածումը կանխարգելելու գործում։


























