Թերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում ինչ-որ գործի շրջանակներում կրկին քննվում է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) բիզնես գործունեությունը: Ըստ այդմ, Հ. Հակոբյանին պատկանող՝ «Կարբեկ» ընկերությունը մոտ 90 մլն դրամի հարկեր է թաքցրել: Այս ընկերության կազմում են Արմավիրի մարզում գտնվող մի քանի գազալցակայաններ, թեեւ «Կարբեկը» զբաղվում է այլ գործունեությամբ: Չնայած այս ընկերությունն իրականում պատկանում է Հակոբյանին, սակայն գրանցված է ինչ-որ Համլետ Մուրադյանի անունով: Վերջինս ներկայումս գտնվում է փախուստի մեջ:
Հ. Հակոբյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչների փոխանցմամբ նախկին պատգամավորը Հ.Մուրադյանին հրահանգել է փախչել Հայաստանից, մինչեւ ինքը կհարթի բոլոր հարցերը: Վերջինս, սակայն, երեկ թերթի թղթակցի հետ զրույցում հերքել է, որ «Կարբեկ» ընկերությունն իրեն է պատկանում, եւ որ ինքն այդքան հարկեր է թաքցրել: Նա ասել է, որ իրեն է պատկանում «Զվարթշին» ընկերությունը:
«Սակայն Արմավիրի մարզի մեր աղբյուրների հավաստմամբ, Հ. Հակոբյանը բազմաթիվ ընկերություններ ունի այդ մարզում, որոնց մի մասը, այդ թվում եւ «Կարբեկը», գրանցված են այլ անձանց անուններով: Ի դեպ, Հակոբյանը ցանկանում է կրկին պատգամավոր դառնալ: Մեր տեղեկություններով, այս օրերին նա ամեն ինչ անում է, որ ընդգրկվի ՀՀԿ-ի համամասնական ցուցակում»,-տեղեկացնում է «168 ժամ»-ը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























