ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ադրբեջանից եւ Ֆրանսիայից գիտնականների խումբը հրապարակել է բազմամյա հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Կասպից ծովի հյուսիսային հատվածը, հնարավոր է, 75 տարի հետո անհետանա: Դրա պատճառը գլոբալ տաքացումն է եւ Կասպից ծով լցվող գետերի հոսքի նվազումը, փոխանցում է RG-ն: 

Հետազոտողները նման եզրակացության են հանգել GRACE առաքելության տիեզերական արբանյակային լուսանկարների, ինչպես նաեւ 4 հիդրոլոգիական կայանների վերգետնյա դիտարկումների տվյալների վերլուծությունից հետո: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան երկրաֆիզիկական միության կայքում:

Գիտնականներն ուսումնասիրել են Կասպից ծովի մակարդակի վրա ազդող 3 հիմնական գործոնները՝ ծով լցվող գետերի ջրերը, տեղումները եւ գոլորշիացումը: Հաշվարկներ կատարելիս օգտագործվել են 1979-ից 2015 թվականին տարբեր երկրների հիդրոլոգների դիտարկումները: Նրանք հայտնաբերել են, որ դիտարկումների մեկնարկի պահից եւ մինչեւ 1995 թվականը Կասպից ծովի մակարդակը տարեկան կայուն մեծացել է 5 դյույմով, սակայն հետո սկսել է նվազել:

Ջրի պակասելու պատճառը մթնոլորտի մերձմակերեւութային շերտում ջերմաստիճանի բարձրացումն է, անձրեւահոսքերի եւ Կասպիցը սնուցող գետերի ջրաբերության նվազումը:

Ջրի նակարդակի զգալի անկումը բաժին կընկնի հյուսիսային հատվածին: Հիմա այս հատվածում ծովի ամենափոքր խորությունը կազմում է ընդամենը 5 մետր: Հետեւաբար՝ այս հատվածը կարող է անհետանալ արդեն 75 տարի հետո՝ հաշվի առնելով տաքացման ներկայիս տեմպերը: