Ուելսի արքայադուստր Դիանան ավտովթարից հետո գիտակցությունը չէր կորցրել եւ կարողանում էր խոսել, որը տեղի է ունեցել գրեթե 20 տարի առաջ Փարիզի Ալմա կամրջի տակով անցնող թունելում: Այս մասին The Sun պարբերականի հետ հարցազրույցում նշել է վթարափրկարարական ծառայության նախկին աշխատակից Շավիեր Գուրմելոնը, որն առաջիններից մեկն է հասել պատահարի վայր:
«Մենք անչափ մոտ էինք, եւ 3 րոպեից պակաս ժամանակում վթարի վայրին կհասնեինք»,- հիշում է 50-ամյա նախկին փրկարարը: «Նա մի փոքր շարժվում էր, եւ ես կարողացա տեսնել, որ նա ողջ է: Ես տեսա, որ նրա մոտ աննշան վնասվածք է աջ ուսին, բայց մնացած մասերում ոչ մի էական բան չկար: Նրա վրա ընդհանրապես արյուն չկար»,- ասել է նա:
Գուրմելոնը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել, երբ Դիանային Mercedes-ից դուրս են բերել: «Ես նրա ձեռքն էի բռնել, որպեսզի հանգիստ մնար եւ չշարժվեր: Նա ասաց. «Աստված իմ, ի՞նչ է տեղի ունեցել»: Ես նրան մի փոքր թթվածին տվեցի, ես եւ իմ թիմը նրա կողքին էինք, երբ նրան մեքենայից հանում էին: Դա շատ արագ տեղի ունեցավ, քանի որ ստիպված չեղանք կտրելու ավտոմեքենայի ձեւախախտված իրանը»,- նշել է նա:
Վթարից որոշ ժամանակ անց Դիանան դադարեց շնչելուց: «Մենք բորոս սովորել ենք առաջին բժշկական օգնություն ցույց տալ, ես տեսա, որ նրա մոտ սրտի կանգ գրանցվեց, եւ նա դադարեց շնչել: Ես կատարեցի սրտի մերսում եւ մի քանի վայրկյանից նա դարձյալ սկսեց շնչել: Անկասկած, թեթեւացման զգացում ունեցա, քանի որ օպերատիվ արձագանքման ծառայությունում աշխատելով՝ դու ցանկանում ես մարդու կյանքը փրկել, եւ ես մտածեցի, որ դա հենց այն է, ինչը ես արեցի: Ազնիվ խոսք, ես մտածում էի, որ նա ողջ կմնա: Որքան գիտեմ, երբ Դիանան շտապ օգնության մեքենայում էր, նա ողջ է եղել, եւ ես հույս ունեի, որ նա ողջ կմնա: Սակայն ավելի ուշ իմացա, որ նա հիվանդանոցում մահացել է»,- իր հիշողություններն է ներկայացրել նախկին փրկարարը:
«Հիմա ես գիտեմ, որ նա ծանր ներքին վնասվածքներ էր ստացել, սակայն այս ամբողջ տեսարանը նախկինի պես գլխիցս չի հեռանում: Այդ գիշերվա հիշողությունները երբեք ինձ չեն լքի: Այդ ժամանակ ես պատկերացում չունեի, որ նա արքայադուստր Դիանան է: Այդ մասին ես տեղեկացա, երբ նրան շտապ օգնության մեքենայի մեջ էին տեղավորում, այդ ժամանակ բուժակներից մեկն ինձ ասաց, որ դա նա է»,- հավելել է Գուրմելոնը:




























