Արքայազններ Ուիլյամն ու Հարրին Լոնդոնի հուշահամալիրում հարգել են մոր՝ արքայադուստր Դիանայի հիշատակը, որի զոհվելու 20 տարին կլրանա օգոստոսի 31-ին: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Քենսինգթոնի պալատի մամուլի ծառայությունը:
Արքայազններ Ուիլյամն ու Հարրին այցելել են, այսպես կոչված, Սպիտակ այգի, որ Քենսինգթոնի պալատի նրանց նստավայրից հեռու չէ, դրա տերերն են Ուիլյամը եւ նրա կինը՝ Քեյթը: Այգու կոմպոզիցիան կազմված է 12 հազար սպիտակ ծաղիկներից՝ կակաչներ, նարգիզներ եւ հիացինտներ, ինչպես նաեւ արմավենիներից: «Այս միջոցառումը արքայազններին թույլ կտա իրենց մոր կյանքին եւ գործին հարգանքի տուրք մատուցել նրա զոհվելու 20-ամյակի նախաշեմին»,- ավելի վաղ ընդգծել են Քենսինգթոնի պալատում:
Ինչպես հայտնի է դարձել, բրիտանական թագավորական ընտանիքի անդամները, այդ թվում Եղիսաբեթ II թագուհին, օգոստոսի 31-ին չեն ծրագրում մասնակցելու Դիանայի հիշտակին նվիրված որեւէ պաշտոնական միջոցառման: «Թագավորական ընտանիքի անդամների մասնակցությամբ արքայադստեր զոհվելու տարելիցի հետ կապված ոչ մի պաշտոնական միջոցառում նախատեսված չէ: Թագավորական ընտանիքն այդ օրը կանցկացնի մասնավոր կարգով»,- ասել է Բուքինհեմյան պալատի ներկայացուցիչը:
Արքայադուստր Դիանայի երկրպագուները, չնայած Լոնդոնում անձրեւոտ եղանակին, Քենսինգթոնի պալատի դարպասների մոտ են բերում նրա պատկերով լուսանկարներ եւ ծաղիկներ:




























