Zara ցանցի հիմնադիր, 81-ամյա գործարար Ամանսիո Օրտեգան աշխարհի ամենահարուստ մարդն է դարձել՝ ըստ Forbes-ի վարկանիշի: Նրա կարողությունը 85 մլրդ դոլար է գնահատվում:

Օրտեգան առաջին հորիզոնականից հետ է մղել Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսին՝ 200 մլն դոլարով առաջ անցնելով նրանից: Ըստ Forbes-ի՝ նախկինում նա երեք անգամ արդեն զբաղեցրել է վարկանիշի առաջին հորիզոնականը, սակայն ամեն անգամ մեկ օրվա ընթացքում զիջել է դիրքերը:

Օրտեգայի կարողությունը 1.2 մլրդ դոլարով ավելացել է անցյալ ամսվա ընթացքում: Առաջին տեղում հայտնվելուն նպաստել է նաեւ Գեյթսի եւ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողության նվազումը:

Բեզոսի կարողությունն անցյալ ամսվա ընթացքում նվազել է ավելի քան 4 մլրդ դոլարով՝ Amazon-ի բաժնետոմսերի անկման հետեւանքով: Գեյթսն իր հերթին, ըստ Bloomberg-ի, 64 միլիոն դոլարի Microsoft-ի բաժնետոմս է նվիրել իր եւ կնոջ՝ Մելինդայի հիմնադրած բարեգործական հիմնադրամին:

Առաջին անգամ Օրտեգան աշխարհի ամենահարուստ մարդը դարձել է 2015 թվականի հոկտեմբերին, սակայն 24 ժամվա ընթացքում կորցրել է դիրքերը: Օրտեգան եւ կինը՝ Ռոզալիա Մերան Inditex ընկերությունը հիմնադրել են 1975 թվականին: Ներկայում ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմում է  ավելի քան 100 մլրդ դոլար: