«Ժառանգություն» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում: Հիշեցնենք, որ այդ օրենքում օրերս կատարված փոփոխությամբ նվազեցվել էին հղիներին տրվող նպաստների չափը եւ այն արդեն Սերժ Սարգսյանը ստորագրել է: Այդուհանդերձ, «Ժառանգությունն» առաջարկում է կրկին փոփոխել օրենքը եւ վերադառնալ նախկին խմբագրմանը: Ըստ ԱԺ կանոնակարգի, «Ժառանգության» ներկայացրած օրինագիծը ԱԺ նախագահը երկօրյա ժամկետում պաշտոնապես շրջանառության մեջ կդնի:
Այս առնչությամբ «Ժառանգությունը» հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացրել է օրենքի նախագծի հիմնավորումը:
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման հիմքը նախեւառաջ սոցիալական արդարության վերականգնման նպատակն է: Մեր պետության առաջնային խնդիրներից մեկը ծնելիության բարձրացմանը նպաստելն է, սակայն այս Օրենքի արդյունքում տեղի է ունենում ճիշտ հակառակը:
Նախագծով առաջարկվում է գոնե վերականգնել նախկին դրությունը` հղիության եւ ծննդաբերության նպաստը սահմանել միջին աշխատավարձի չափով (ոչ թե ավելացնել նպաստների չափը):
Օրենքի 27-րդ հոդվածում առաջարկվող փոփոխության նպատակն է նպաստները կամավոր վերադարձնելու պատրաստակամություն ունեցող անձին ազատել հարկադիր կատարման ծախսերից եւ ավելորդ չծանրաբեռնել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը:
Հիմնավորված չէ Օրենքում ամրագրված այն մոտեցումը, ըստ որի` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկվում է միջին աշխատավարձի հիման վրա` ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով բազմապատկելով, իսկ վարձու աշխատող կանանց հղիության եւ ծննդաբերության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի հիման վրա: Առաջարկվում է նպաստի հաշվարկման միասնական կարգ սահմանել:
«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող փոփոխության նպատակը հղիության եւ ծննդաբերության նպաստները չհարկելն է` հաշվի առնելով դրանց խիստ նպատակային նշանակությունը եւ երկրում առկա` հետզհետե ավելացող գնաճը:
Ուսումնասիրվել է մի շարք երկրների, այդ թվում Լատվիայի, Լիտվայի, Ռուսաստանի, համապատասխան օրենսդրությունը, որոնցում նույնպես ամրագրված են նմանաբովանդակ դրույթներ:
Օրենքում առկա հիշյալ դրույթներով խախտվում է նաեւ Հայաստանի մասնակցությամբ գործող Եվրոպական սոցիալական խարտիայի նույնիսկ նախաբանում ամրագրված նպատակը, ոտնահարվում է աշխատող կանանց` մայրության դեպքում հատուկ պաշտպանվածության իրավունքը (Խարտիայի 1-ին մասի 8-րդ կետ, 2-րդ մասի 8-րդ հոդված): Նշենք, որ խարտիան հիշյալ նորմերից որեւէ բացառություն չի նախատեսում:
Բացի վերը նշվածը, Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011թթ. միջոցառումների ցանկում /ՀՀ նախագահի 2009թ. մայիսի 6-ի ՆԿ-68-Ա կարգադրության հավելված/ հստակ ամրագրված է. «իրականացնել Եվրոպական սոցիալական խարտիայի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Եվրոպական կառույցների հետ համագործակցության զարգացում, Եվրոպական սոցիալական խարտիայի չափանիշներին համապատասխան բարեփոխումների ծրագրի մշակում եւ իրականացում»:
Սույն նախագծով ապահովվում է վորոնշյալ միջազգային պարտավորությունների կատարումը` մեր քաղաքացիների եւ միջազգային հանրության առջեւ»:




























