Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է  Հայաստանում Համաշխարհային բանկի Տրանսպորտային ծրագրերի ղեկավար  Բենջամին Գերիկեին:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի իրականացման ընթացքը, Նոր Մայրուղիներ ծրագիրը (Ճանապարհային ակտիվների պահպանության ծրագիր) եւ ՀԲ կողմից դեկտեմբերի 6-ին կազմակերպված «Հայաստանում տեղական նշանակության ճանապարհների ընթացիկ պահպանման բարելավում» թեմայով աշխատաժողովի արդյունքները:

Նախարար Մ. Վարդանյանը ներկայացնելով Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի ընթացքը` տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է  հանրապետության  9 մարզերում վերականգնել մոտ 143.6 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ: Ընդ որում, մոտ 130.1 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների վերանորոգման աշխատանքները գրեթե ավարտված են եւ ընթանում են շահագործման ընդունման աշխատանքները: Երեք պայմանագրերի (Մեծամոր-Գայ-Հովտաշատ, Գագարի-Գեղամավան եւ Մ4-Քաղսի) ավարտի ժամկետը սահմանված է 2011թ.-ը:

Անդրադառնալով Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ճանապարհային ակտիվների պահպանության» ծրագրին` Մ.Վարդանյանն առաջարկել է այն անվանել «Ճանապարհային ակտիվների կառավարում», ինչպես նաեւ նոր ծրագրում ներառել ճանապարհների անվտանգության աուդիտի գաղափարը, կարողությունների ձեւավորման, ճանապարհների կառավարման եւ պահպանման հարցերը:

Բենջամին Գերիկեն ընդունել է նախարարի առաջարկները եւ խոստացել այն ներկայացնել բանկի քննարկմանը: