Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսում մեղադրեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ կաթնամթերք արտադրող ընկերությունների դեմ սեւ PR անելու մեջ։ Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ դեկտեմբերի 3-ի նիստում հայտարարվել էր, որ պանիր արտադրող ընկերությունների մի մասը կաթի փոշի է օգտագործում, իսկ պաստերիզացված կաթի մեջ կան ոչ կաթնային բաղադրիչներ, մասնավորապես՝ սոդա։

Մ. Հակոբյանը «աբսուրդ» համարեց այն, որ ՏՄՊՊՀ-ն է զբաղվում նման փորձաքննություններ անցկացնելով, քանի որ դա գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության իրավասությունն է։ Նրա տեղեկացմամբ՝ իրենց ասոցիացիան նույնպես փորձաքննություններ է պատվիրում։ «Մենք գիտեինք, թե ինչ են նախապատրաստել մեր արտադրողների գլխին, դրա համար էլ փորձաքննություններ պատվիրեցինք»,- հայտարարեց Մ. Հակոբյանը։ Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ կաթնամթերք արտադրող առնվազն 4 խոշոր ընկերությունները թողարկում են բոլոր ստանդարտներին համապատասխան արտադրանք։ Այդ ընկերություններն են «Աշտարակ կաթը», «Մուլտի Ագրոն», «Չանախը», «Արզնին»։ Սակայն փորձաքննությունը ցույց է տվել, որ այլ արտադրողների կաթնամթերքի մեջ օսլա կա, որը թույլատրելի է օգտագործել բացառապես յոգուրտների մեջ։ «Յոդը կաթեցրեք սմետանի մեջ, եթե կապտեց, ուրեմն օսլա են խառնել»,- խորհուրդ տվեց Մ. Հակոբյանը, սակայն չնշեց խախտում կատարող ընկերության անունը։

Ինչ վերաբերում է կաթի փոշու օգտագործմանը, ապա Մ. Հակոբյանը դա նորմալ է համարում, քանի որ չոր կաթն անվտանգ եւ յոդով հարուստ սննդամթերք է, միայն վիտամիններն են պակաս։ Խնդիրը կայանում է միայն նրանում, որ ընկերությունները պետք է մակնշեն՝ կաթնամթերքը պատրաստված է կաթի փոշո՞ւց, թե՞ անարատ կաթից։ Մակնշման խախտումներ, մասնավորապես, թույլ են տալիս «Դուստր Մարիաննա»-ն եւ «Բիոկաթը»։