Ամբողջ աշխարհից ուխտավորները, որոնք Սաուդյան Արաբիա են ժամանել հաջի, ստիպված են բոլոր ծիսակարգերը կատարել էքստրեմալ շոգի պայմաններում՝ Մեքքայում ստվերում օդի ջերմաստիճանը Ցելսիուսի 43 աստիճանից անցել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի Օդերեւութաբանական գլխավոր ծառայությանը:

Արաֆաթ լեռան վրա ջերմաստիճանը, որտեղ հինգշաբթի անցկացվում է հաջի հիմնական ծեսը՝ ուխտավորներն աղոթում են արեւածագից մինչեւ մայրամուտ, հասնում է 41 աստիճանի, իսկ Մինա դաշտավայրում սուրբ ծեսերի կատարման վայրերում՝ 39 աստիճանի: Ըստ որում՝ Մեքքայում բավականին ուժգին քամի է փչում՝ ժամում մինչեւ 35 կմ արագությամբ:

Արաֆաթ լեռան վրա՝ 70-մետրանոց բլրում կատարվող աղոթքի վիճակը համարվում է հաջի հիմնական ծեսը, առանց որի կատարման մուսուլմանական ամենամյա ուխտավորությունը անվավեր է ճանաչվում: Այս լեռից Մուհամմեդ մարգարեն իր հետեւորդներին է դիմել վերջին քարոզչությամբ: