Հայաստանում չկան բարձրորակ պանրագործ վարպետներ. պանիր են սարքում տարբեր պրոֆեսիայի մարդիկ: Այսօր` դեկտեմբերի 7-ին մամուլի ասուլիսում նման տեսակետով հանդես եկավ Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի լաբորատոր փորձարկումների կենտրոնի ղեկավար Հրաչ Պողոսյանը, ով կաթնամթերքի արտադրության ոլորտում երկար տարիների աշխատանքի փորձ ունի: «150-ից ավելի կազմակերպություն պանիր է արտադրում, սակայն պանրագործ վարպետներ չունենք։ Պետք է պանրագործ վարպետների դպրոց ստեղծել, որ բարձրորակ պանիր ստանանք»,- ասաց Հ. Պողոսյանը։

Սակայն նրա հետ համաձայն չէր սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։ Նրա տեղեկացմամբ՝ շվեյցարական պանրագործական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում հայկական որոշ պանիրների նկատմամբ եւ ցանկանում են գնել դրանք, քանի որ դրանք որակով չեն զիջում շվեյցարականներին։

Ինչ վերաբերում է պանրի արտադրության նպատակով կաթի փոշի օգտագործելուն, ապա Հ. Պողոսյանը դա բացատրեց հենց վարպետության պակասով։ Նրա խոսքով՝ կաթի փոշին դժվարացնում է խմորումը, հետեւաբար՝ պանրի ստացումը բարդանում է։ Նա նաեւ տեղեկացրեց, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրենց մոտ որեւէ փորձաքննություն չի անցկացրել։