Հայաստանում աճում է մանկական տուբերկուլյոզը, որն, ամենայն հավանականությամբ, վատորակ հրուշակեղենի եւ կոնֆետեղենի հետեւանք է։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն ու հավելեց. «Տարեկան 50-60 կգ ներկ ենք ուտում կոնֆետների միջոցով»:

Նրա խոսքով՝ ներկը խառնվում է ինչպես շոկոլադե կոնֆետներին, այնպես էլ «շուշա» կոնֆետներին: Մ. Հակոբյանը հայ սպառողներին կոչ արեց օգտվել միայն հայտնի ֆիրմաների կոնֆետեղենից։

Ավելի վատ է վիճակը ալյուրային հրուշակեղենի հետ կապված։ Ամանորի նախօրեին դրանց նկատմամբ պահանջարկն աճում է, իսկ որակի նկատմամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացվում։ Սպառողների ազգային ասոցիացիայի մարկետոլոգ Ֆրունզե Հայտյանն ասաց, որ մանրածախ ցանցում իրացվող հրուշակեղենի 40-45 տոկոսն ունի կասկածելի ծագում, այսինքն՝ սերտիֆիկացված չէ։ Նույնիսկ սուպերմարկետներում վաճառվում է մեծ քանակությամբ չսերտիֆիկացված հրուշակեղեն։ Սպառողներն, ի դեպ, կարող են ինքնուրույն ստուգել սերտիֆիկատների առկայությունը՝ դրանք պահանջելով վաճառողից։

Հայտյանը նշեց նաեւ մի շարք ընկերությունների անուններ, որոնք կասկածելի արտադրանք են տալիս։ Այսպես՝ «Նրբիկ թրեյդ» խանութը Հարավ-Արեւմտյան թաղամասում, «Նիկոլայ Մելիքյան» ձեռնարկությունը, որը տորթեր է վաճառում Արգավանդի դպրոցի հարեւանությամբ, «Արմեն Հովսեփյան» խանութը եւ այլն։