Համաշխարհային բանկը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան այսօր հրապարակել են «Doing Business-2010» զեկույցը, որն արտահայտում է տվյալ երկրում գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը եւ բարեփոխումների ծավալը: Զեկույցը հրապարակվում է 2004 թ.-ից։ Այս տարի այն կոչվում է «Բիզնեսի վարում-2010. Բարեփոխումների անցկացումը դժվար ժամանակներում»:

Բիզնես վարելու համար ամենաբարենպաստ երկիր է ճանաչվել Սինգապուրը, նրան հետեւում են Նոր Զելանդիան, Հոնկոնգը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան: Ռուանդան հռչակվել է որպես ամենաշատ բարեփոխումներ անցկացնող (միանգամից 7 ոլորտներում):

Հայաստանը այս վարկանիշում զբաղեցնում է 43-րդ տեղը` նախորդ տարվա համեմատ առաջընթաց ապահովելով 7 կետով: Ըստ զեկույցի` Հայաստանում բարեփոխվել է երեք ոլորտ` բիզնես սկսելը, վարկեր ստանալը եւ սահմանային առեւտուրը: Հատկանշական է, որ Հայաստանը բիզնեսի վարման դյուրինության վարկանիշով գերազանցում է Թուրքիային, որը զբաղեցրել է 73-րդ տեղը` նախորդ տարվա համեմատ ետընթաց գրանցելով միանգամից 10 հորիզոնականով: Թուրքիան բարեփոխումներ է իրականացրել միայն 1 ոլորտում: Սա գուցեեւ ցրում է այն մտավախությունները, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո Հայաստանը տնտեսապես չի կարող մրցակցել Թուրքիայի հետ:

Ադրբեջանն այդ ցանկում առաջընթաց չի ապահովել` նախորդ տարվա պես զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը: ԱՊՀ երկրներից ամենաբարձր վարկանիշն ունի Վրաստանը` 11-րդ տեղ (առաջընթացը նախորդ տարվա համեմատ` 5 հորիզոնականով): ԱՊՀ մի քանի երկրներ հայտնվել են ամենաշատ բարեփոխումներ անցկացնող երկրների առաջին տասնյակում: Դրանք են Ղրղզստանը, Տաջիկստանը, Բելառուսը եւ Մոլդովան: Ռուսաստանը զբաղեցնում է 120-րդ տեղը` նախորդ տարվա 118-ի փոխարեն: