Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր՝ դեկտեմբերի 7-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25 տոկոս:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2010 թ. նոյեմբերին` նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.6 տոկոս գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշն ավելացել է 0.5 տոկոսային կետով` կազմելով 9.6 տոկոսը:

ԿԲ Խորհուրդն այն կարծիքի է, որ 12-ամսյա գնաճի բարձր մակարդակը շարունակում է պայմանավորվել գյուղատնտեսական եւ միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աճով՝ մրգի եւ բանջարեղենի, մսամթերքի, կաթնամթերքի, հացամթերքի գների աճի ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է շուրջ 6.7 տոկոսային կետ:  

ԿԲ խորհուրդը գտնում է, որ ուժեղանում են գնաճի երկրորդային ազդեցությունները եւ գնաճային սպասումները, որոնք առաջիկա ժամանակահատվածում գնաճային միջավայրի ձեւավորման առումով կարող են էական դառնալ:

Նշվել է, որ երկրի տնտեսության ներքին զարգացումները դեռեւս գնաճային ճնշումներ չեն ստեղծում, քանի որ պահանջարկը դանդաղ է վերականգնվում։ ԿԲ-ում համոզված են, որ էապես փոքրանում է հավանականությունը, որ գնաճը կանխատեսվող ժամանակային հորիզոնում կգտնվի նպատակային միջակայքի սահմաններում:

Հաշվի առնելով համախառն պահանջարկի վրա դրամավարկային քաղաքականության ազդեցության լագերը, առաջարկի գործոնների եւ դրանց երկրորդային ազդեցությունների ուժգնացման պարագայում, ԿԲ խորհուրդն ավելի հավանական է համարում դրամավարկային պայմանների խստացումը: