Եվրոպացի եւ ամերիկացի գիտնականները հետքեր են անալիզի ենթարկել, որոնք Կրետե կղզու Տրախիլոս տեղավայրում թողել են մարդանման ուղիղ քայլող պրիմատները (Homo erectus): Պարզվել է, որ դրանք 5,7 մլն տարեկան են: Սա ավելի հին է, քան առաջին հայտնի ավստրալոպիտեկները, որոնց ոտնաթաթն իր կառուցվածքով մարդկայինի հետ նմանության անհրաժեշտ աստիճան է ունեցել: Հետքերը կարող էին պատկանել եվրոպական ծագմամբ ինչ-որ պրիմատի, որը կդառնա մարդուն նմանությամբ մոտ ամենահին հայտնի տեսակը, հայտնում է Proceedings of the Geologists' Association-ը:

Գտնված հետքերը բնութագրական առանձնահատկություններ ունեն, որոնք հատուկ են ժամանակակից մարդու կամ ավստրալոպիտեկների տիպի ուղիղ քայլող պրիմատներին: Վերջինները, հաշվի առնելով Լաետոլիում (Տանզանիա) հայտնաբերված հետքերը, նույնպես օժտված էին երկարավուն ոտնաթաթով եւ առաջ ուղղված 5 մատներով: Ավստրալոպիտեկներն ունեցել են ոտնաթաթի պակաս արտահայտված կամար եւ ավելի նեղ կրունկ: Նման նշանները, այդ թվում՝ մարդկանց եւ ավստալոպիտեկներին հատուկ բութ մատի առանձնացումը,  ակնհայտ են նաեւ Տրախիլոսում հայտնաբերված հետքերի վրա: Սակայն դրանց տարիքը, ըստ շերտերի թվագրման, որտեղ գտնվել են, 5,7 մլն տարի է: Սխալը քիչ հավանական է, քանի որ հետքերը գտնվել են անմիջապես շերտի տակ, որը կազմավորվել է 5,6 մլն տարի առաջ՝ Միջերկրական ծովի կարճաժամկետ ցամաքելու ժամանակ: Շերտի այս տեսակը եզակի է, քանի որ դրանից հետո ծովը դեռեւս ոչ մի անգամ չի ցամաքել:

Նոր թվագրումը ստիպում է վերանայել այն պատկերացումը, թե պրիմատներն առաջին անգամ որտեղ են սկսել ուղիղ քայլել: Տրախիլոսում հայտնաբերված հետքերը ակնհայտորեն պատկանում են ուղիղ քայլողներին: Նրանք զգալիորեն ավելի զարգացած էին, քան, օրինակ, արդիպիտեկների հետքերը (նրանց ոտնահետքերը հատուկ են կապիկներին), որոնք գտնվել են Եթովպիայում եւ 4,4 մլն տարեկան են: Սա նշանակում է, որ 5,7 մլն տարի առաջ Եվրոպայում ինչ-որ պրիմատ է եղել միանգամայն զարգացած կառուցվածքով եւ ուղիղ քայլող: