Սենթ Էնդրյուսի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները 1 մլն դոլար են առաջարկել հնագույն շախմատային խնդիրը լուծելու համար, փոխանցում է Lenta-ն:

Այսպես կոչված, «8 թագուհիներով խնդիրը» (Eight queens puzzle) ձեւակերպվել է 19-րդ դարի կեսին: Խնդրի էությունն այն է, որ շախմատային տախտակի վրա 8 թագուհիներն այնպես դասավորվեն, որպեսզի նրանցից ոչ մեկը մյուսի հարվածի տակ չհայտնվի: Բնականաբար, թագուհին հարվածում է բոլոր վանդակներով՝ ուղղաձիգ, հորիզոնական եւ երկու անկյունագծերով:

Ստանդարտ՝ 64 վանդակ ունեցող տախտակի համար լուծումը գտնվել է դեռեւս 1850 թվականին: Դաշտի չափերի եւ խաղաքարերի թվի մեծացմամբ խնդիրը բարդանում է: Հետազոտողները հայտնաբերել են, որ եթե տախտակի չափը մեծացնում են մինչեւ 1000x1000 վանդակ, համակարգչային ծրագրերը կախվում են:

Պրոֆեսոր Յան Գենտի կարծիքով՝ նա, ով կկարողանա ստեղծել այս խնդրի արագ լուծման ալգորիթմը, կկարողանա իր ծրագիրը հարմարեցնել այլ խնդիրների, այդ թվում՝ համացանցում գաղտնաբառերի վերծանման համար: