Ֆրանսիական L'Oreal կոսմետիկայի ընկերությունը խզել է իր առաջին տրանսգենդեր մոդել սեւամորթ Մոնրո Բերգդորֆի հետ կնքած պայմանագիրը, երբ նա համացանցում ռասիստական արտահայտություններ է հրապարակել: Բերգդորֆը Facebook-ում նշել է, որ «բոլոր սպիտակամորթները ռասիստներ են», փոխանցում է BBC-ն:
L'Oreal-ի ղեկավարությունը հայտարարել է, որ այս մեկնաբանությունները հակասում են ընկերության արժեքներին, եւ մանեկենուհու հետ գործակցությունը դադարեցվել է:
Դրանից հետո Բերգդորֆը համացանցում գրել է. «Իմացեք, որ ինձ հետ պայմանագիրը խզելով՝ դուք միայն հաստատում եք՝ այն ամենը, ինչ ասել եմ՝ ճշմարիտ է»:
Երբ Մոնրո Բերգդորֆն ընտրվել էր մոդելների թվում L'Oreal-ի անցկացվող #allworthit («բոլորը սրան արժանի են») արշավին մասնակցելու համար, նրան անվանում էին ժամանակակից էթնոմշակութային բազմազանության դեմքը:
Սակայն դրանից կարճ ժամանակ անց 29-ամյա մոդելը եւ Լոնդոնից դիջեյը համացանցում գրել էր. «Ազնիվ խոսք, ես այլեւս ուժ չունեմ գրելու սպիտակամորթների կողմից ռասիստական բռնության մասին: Այո՛, ԲՈԼՈՐ սպիտակամորթների կողմից: Քանի որ ձեզանից մեծ մասն անգամ չի կասկածում, որ, որպես ռասա, ձեր ամբողջ գոյությունը, առավելությունները եւ հաջողությունները կառուցված են գունավոր մարդկանց թիկունքի, արյան եւ կործանման վրա: Ձեր ամբողջ գոյությունը ռասիզմով է ներծծված»:
Ներկայումս այս մեկնաբանությունը ջնջված է:
Բերգդորֆը պնդում է, որ սկանդալային հայտարարությունը կատարել է ի պատասխան Շարլոթսվիլի իրադարձությունների, որտեղ նացիստական դրոշներով ցուցարարները բախվել են հակառասիստական ցույցի մասնակիցների հետ, եւ որտեղ դրա հետեւանքով կին է զոհվել:



























