Այսօր` դեկտեմբերի 7-ին Ժնեւում տեղի ունեցած Առեւտրի Համաշխարհային Կազմակերպության Պետական Գնումների Կոմիտեի նիստում միաձայն որոշում է ընդունվել ԱՀԿ Պետական Գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության մասին:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Համաձայնագրին Հայաստանի անդամակցությունը կարեւորվում է պետական գնումների ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության համարժեքությունը ԱՀԿ գնումների հիմնարար սկզբունքներին ապահովելու տեսանկյունից: Այս կապակցությամբ նշված, ինչպես նաեւ գնումների համակարգում կատարվող բարեփոխումների շրջանակում ՀՀ կառավարության կողմից մշակվել եւ ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ, որի հաստատմամբ Հայաստանի գնումների օրենսդրությունն ամբողջությամբ կհամապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին:

Համաձայնագրին անդամակցությունը Հայաստանի տեղական արտադրողներին հնարավորություն կընձեռի մասնակցելու համաձայնագրին անդամակցող շուրջ 45 երկրներում կազմակերպվող պետական գնումների գործընթացներին` վերջիններիս արտադրողների հետ հավասար իրավունքներով, ինչը խթան կհանդիսանա հայաստանյան արտադրողների համար նոր շուկաներ գտնելու եւ արտադրությունն ընդլայնելու համար: