Դանիայի թագուհի Մարգրետե 2-րդի ամուսնու՝ արքայազն Հենրիկի մոտ զարգանում է ծերունական թուլամտություն։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել դանիական թագավորական պալատը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս ամռանն իրականացված տեւական դիտարկումներից ու հետազոտություններից հետո Թագավորական հիվանդանոցի մասնագետների թիմը հանգել է այն եզրակացության, որ արքայազն Հենրիկը տառապում է թուլամտությամբ,- ասվում է փաստաթղթում,- Նորին մեծության ու թագավորական ընտանիքի ցանկությունն է, որ ապագայում արքայազն ազատվի ավելորդ անհանգստությունից, ինչպես իրավիճակն է պահանջում»։
Ըստ մասնագետների եզակացությունների՝ 83-ամյա արքայազնի մտավոր խանգարումներն ավելի ուժեղ են արտահայտված, քան ակնկալվում էր։ Հիվանդությունն արտահայտվում է նրա զգացմունքային վիճակի, վարքագծի ու սթափ դատելու ունակությունների վրա։ Ախտորոշման կապակցությամբ արքայազնն ամբողջովին դադարեցնելու է պալատական պարտականությունների կատարումն ու չի հայտնվելու հանրության առջեւ։
Օգոստոսի սկզբին արքայազն Հենրիկը հայտնել էր, որ չի ցանկանում, որ իրեն հողին հանձնեն կնոջ կողքին, երբ երկուսն էլ հեռանան կյանքից։ Դա Դանիայու մ վեց դար պահպանվող ավանդույթի խախտում է։ Թերթերը գրում էին թագավորական զույգի անձնական հարաբերությունների խորը ճգնաժամի մասին ու դատապարտել էին արքայազնի արարքը։ Վերջին տարիներին արքայազնը բազմիցս ասել էր լրագրողներին, որ դժգոհ է պալատում իր կյանքից ու իր տիտղոսից։
Արքայադուստր Մարգրետեն ամուսնացել էր ֆրանսիացի դիվանագետ, կոմս Անրի դե Լաբորդ դե Մոնպեզի հետ 1967-ին, որից հետո վերջինը ստացել էր Հենրիկ դանիական անունը։



























