Սալվադոր Դալիի աճյունի ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ հանրահայտ նկարիչը չի եղել իսպանուհի Պիլար Աբելի հայրը, որը դատարանի միջոցով պահանջել էր աճյունի արտաշիրիմում ու փորձաքննության անցկացում, հայտնում է La Vanguardia թերթը։

Պարբերականի տվյալներով՝ փորձաքննության արդյունքները, որն իրականացրել են Բարսելոնում ու Մադրիդում, բացասական էին։

Հայտնում են, որ արդյունքներն արդեն փոխանցվել են դատարանին, պաշտոնական որոշումը կկայացվի սեպտեմբերի 18-ի դատական նիստի ժամանակ։

Հունիսին Մադրիդի դատարանը բավարարել էր գուշակուհի Պիլար Աբելի դատական հայցը՝  ԴՆԹ անալիզ անցկացնելու նպատակով Դալիի աճյունի արտաշիրիմելու մասին։ Չնայած «Գալա- Սալվադոր Դալի» հիմնադրամի ու Ֆիգերասի քաղաքապետարանի փորձերին՝ չեղարկել կամ գոնե հետաձգել արտաշիրիմումը, այն իրականացվել էր հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը։ Արտաշիրիմման ընթացքում վերցվել են «երկու մեծ ոսկորների, մազերի ու եղունգների նմուշներ»։ Մարմինը լավ պահպանված էր բալզամապատման շնորհիվ, նույնիսկ նկարչի հանրահայտ բեղերը դեռ պահպանել էին իրենց ձեւը։

Ավելի վաղ գուշակուհու փաստաբան Էնրիկե Բլանկեսը հայտնել էր, որ եթե անալիզի արդյունքները չհաստատեն, որ Պիլար Աբելը Դալիի դուստրն է, ապա նա կասկածի տակ կդնի փորձաքննության հավաստիությունն ու անցկացման ճշգրտությունը։ Բլանկեսը վստահեցնում էր , որ «եթե մասնագետներին հաջողվի ապացուցել, որ ընթացակարգում որեւէ սխալ չի եղել, ապա դատական հայցը կդադարեցվի»։

Աբելը հավաստիացնում է, որ իր մայրը՝ Անտոնիա Մարտինես դե Արոն 1950-ականների կեսերին կապ է ունեցել նկարչի հետ, երբ աշխատում էր Կադակեսում նրա ընկերների տանը։ Այդ ընթացքում այնտեղ էր ապրում նաեւ Դալին իր կնոջ ու մուսայի՝ Գալայի հետ։ Հղիանալով 25 տարեկանում՝ Անտոնիան տեղափոխվել էր Կաստելյոն դե Ամպուրիաս, ամուսնացել Խուան անունով 29-ամյա տղամարդու հետ, որն էլ հենց դարձել էր Աբելի պաշտոնական հայրը։