Թուրքական նորաստեղծ «Ժողովրդի ձայն» կուսակցության նախագահ Նուման Քուրթուլմուշը դեկտեմբերի 7-ին այցելել է Ստամբուլի հայկական «Սուրբ Փրկիչ» հիվանդանոց եւ հանդիպել Պետրոս Շիրինօղլուի եւ հոգաբարձուների խորհրդի անդամների հետ։

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ թուրք կուսակցապետի այցը հայկական հիվանդանոց լրատվամիջոցների համար փակ է եղել։ Նուման Քուրթուլմաուշն այցից հետո պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով, թե հիվանդանոց է այցելել Պետրոս Շիրինօղլուի հրավերով։

«Այստեղ առիթ ունեցանք տեսնելու շատ բաներ, որոնց մասին չգիտեինք։ Մոտիկից ծանոթացանք այս մշակութային հարստությանը, Օսմանյան կայսրությունում եւ Թուրքիայի հանրապետության շրջանում մեր մշակույթում  հայերի ավանդի ներդրմանը»,-նշել է Քուրթուլմուշը։

Թուրք կուսակցապետը շեշտել է, թե Թուրքիան նման է մի այգու, որտեղ տարբեր գույնի եւ տեսակի ծաղիկներ կան՝ նկատի ունենալով տարբեր ազգերին։ «Այստեղ մահմեդական եւ ոչ մահմեդական մեր քաղաքացիները, տարբեր արմատներով մեր հայրենակիցներն, ապրում են խաղաղության մեջ։ Մենք պարտավոր ենք մեկս մյուսին ավելի մոտիկից ճանաչել, միմյանց խնդիրներն ավելի լավ իմանալ»,-ընդծել է Նուման Քուրթուլմուշը՝ հավելելով, որ իրենց կուսակցությունը պատրաստ է դառնալ հայ համայնքի խնդիրները թուրքական քաղաքականությունում ներկայացնող ուժ։