Հայաստանի խոշորագույն աուդիտորական ընկերությունը՝ «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ն նոյեմբերի 22-ից վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության եւ փոխել անվանումը։ Այսուհետ ընկերությունը կկոչվի «Գրանթ Թորնթոն»։
Ընկերության տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ընկերության բաժնետերերի քանակը չի փոխվել՝ նրանք 6-ն են։ Ինչ վերաբերում է կազմակերպա-իրավական ձեւի փոփոխմանը, ապա «Գրանթ Թորնթոն Ինտերնեյշնլ»-ի յուրաքանչյուր անդամ ինքնուրույն է որոշում, թե որ կազմակերպա-իրավական ձեւն է նախընտրելի։
«Գրանթ Թորնթոն»-ում վստահ են, որ նրա կազմակերպա-իրավական ձեւի փոփոխումը կնպաստի ընկերության եւ իր մասնաճյուղերի շարունակական աճին Հայաստանում եւ այլ երկրներում (Վրաստան, Տաջիկստան)` ընկերության ղեկավարությանն ընձեռելով կառավարման ավելի ճկուն միջոցներ:
Ավելի քան 15 տարի «Գրանթ Թորնթոն»-ը տրամադրում է աուդիտորական եւ խորհրդատվական ծառայություններ խոշոր ընկերություններին, պետական հաստատություններին, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններին, ազգային եւ առեւտրային բանկերին Հայաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում: Ընկերության շրջանառությունը 2009 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ 3,7 մլն դոլար էր։ Նշենք, որ «Գրանթ Թորնթոն Ինտերնեյշնլ»-ի շրջանառությունը կազմել է 3,6 մլրդ դոլար։




























