«Ավելացված արժեքի հարկի» մասին օրենքով՝ ներդրումային ծրագրերի շրջանակներում 300 մլն դրամը (մոտ 830 հազ. դոլար) գերազանցող ներմուծման դեպքում կառավարությունը կարող է 3 տարով հարկի վճարման տարկետում տալ։
Հայաստանի կառավարությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ կառավարության կողմից արդեն իսկ թույլտվություն են ստացել թվով 11 ընկերություններ` «Նատֆուդ», «Շամբ Բիզնես», «Յուքոմ», «Արաքս Թռչնաֆաբրիկա», «Իստեյտ Մենեջմենտ ընդ Ադմինիսթրեյշն Քամփնի», «Գոլդն Գրեյպ Արմաս», «Բիգա», «Սարանիստ», «Սպայկա», «Կարոլինա», «Ջերմուկ Ինթերնեյշնլ» եւ մերժվել է մեկը` «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության ներդրումային ծրագիրը:
Հավանության արժանացած ծրագրերի ընդհանուր կանխատեսվող ներդրումները կազմում են մոտ 28.8 մլրդ դրամ (մոտ 80 մլն դոլար), իսկ այս ներդրումների շնորհիվ ծրագրերի ավարտական փուլում կստեղծվեն մոտ 980 նոր աշխատատեղ:
Ներկայումս քննարկման փուլում են «Ապառաժ Մայնինգ» ՍՊ (1,2 մլն դոլար ներդրում եւ 17 նոր աշխատատեղի ստեղծում) եւ «Նաիրտ Գործարան» ՓԲ (մոտ 55 մլն դոլարի չափով` ստեղծելով մոտ 700 նոր աշխատատեղ) ընկերությունների ներդրումային ծրագրերը։




























