ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին անվանել է «հրթիռային մարդ»։ Նման բառակապակցություն է նա օգտագործել թվիթում, որում հայտնել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ բանակցությունների մասին։

«Նախօրեին խոսում էի Հարավային Կորեայի նախագահի հետ։ Հարցրեցի նրան, թե ինչպես է «հրթիռային մարդը»։ ԿԺԴՀ-ում բենզինի երկար հերթեր են գոյացել։ Շատ վատ է»,- գրել էր Թրամփը։

Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ ու Հարավային Կորեայի առաջնորդները քննարկել են հյուսիսկորեական հրթիռի արձակումը, որը Ճապոնիայի վրայով էր անցել։ «Երկուսն էլ նշել են, որ ԿԺԴՀ-ն շարունակում է մարտահրավեր նետել համաշխարհային համայնքին նույնիսկ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ն ամենալուրջ ձեւով դատապարտել է Փհենյանի կողմից սադրանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։