2018–ի գարունը մենք կդիմավորենք առանց հայ–թուրքական արձանագրությունների։ Այս մասին սեպտեմբերի 20-ին՝ Հայաստան–Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ կարեւորագույն խնդիրը Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումն է եւ ցեղասպանությունների կանխումը։ «2018–ին կլրանա ՄԱԿ ցեղասպանությունների մասին կոնվենցիայի 70-ամյակը։ Մի քանի ժամ առաջ ՀՀ նախագահը ՄԱԿ ամբիոնից հայտարարեց, որ մենք նոր նախաձեռնություններով ենք հանդես գալու։ Հիշեցնեմ, որ 2015–ին դեկտեմբերի 9-ը Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր ճանաչվեց»,– ասել է փոխնախարարը։
Քոչարյանը նշեց, որ ցեղասպանությունների դատապարտումը շատ կարեւոր է՝ հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում կատարվածը։ «Ցեղասպանության ճանաչման ալիքը բերել է նրան, որ Թուրքիայում հասունանում է իրավիճակ, երբ երկիրն ինքը պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը»,– ընդգծեց Շավարշ Քոչարյանը եւ հավելեց, որ Թուրքիան այսօր, ցավոք, ժողովրդավարության ճանապարհով չի գնում։
«Պատահական չէ, որ Ցյուրիխի արձանագրությունները տապալվեցին, եւ դա համընկավ այն գործընթացներին, երբ Թուրքիան բռնեց բռնապետության ճանապարհը։ Այդ պատճառով ՀՀ նախագահը ՄԱԿ ամբիոնից հստակ հայտարարեց՝ թող չկարծեն, որ մենք կարող ենք այդ պայմանների գերին մնալ, քանի որ այդ արձանագրությունները անվավեր կճանաչվեն»,– հավելել է փոխարտգործնախարարը։




























