Վրացական իշխանություններն ազատ են արձակել 24-տարվա ազատազրկման դատապարտված թուրքական BUKET հեղուկանավի նավապետ Մեհմեդ Օզթյուրքին։ Վրացական ԶԼՄ-ների տվյալներով, որոշումը կայացրել է անձամբ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո։ Օզթյուրքի ճակատագիրը եղել է Վրաստանի նախագահի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի Թբիլիսիում երեքշաբթի կայացած բանակցությունների կենտրոնական թեմաներից մեկը։
Թուրքական հեղուկանավը Թուրքիայից Աբխազիա է նավարկել Պանամայի դրոշի ներքո։ Նավում եղել է 2 հազար տոննա բենզին եւ 700 տոննա դիզվառելիք։ Օգոստոսին Վրաստանի ծովափնյա պահպանությունը կալանել է նավը՝ Սեւ ծովի ջրերում։ Նավի անձնակազմը բաղկացած է եղել Ադրբեջանի 4 եւ Թուրքիայի 13 քաղաքացիներից։ Դատարանը սեփականության իրավունքով նավը փոխանցել է վրաց պետությանը։ BUKET-ի անձնակազմի 17 անդամներից 16-ը ազատ են արձակվել 3 հազարական (1800 դոլար) լարի տուգանք մուծելուց հետո։ Իսկ նավապետը՝ Թուրքիայի քաղաքացի Մեհմեդ Ջոշկուն Օզթյուրքը դատապարտվել է 24-տարվա ազատազրկման։ Վրացական դատարանը նման որոշում էր կայացրել՝ հայտարարելով, որ մաքսանենգ բեռներով նավը մի քանի անգամ հայտնվել է Վրաստանի տարածքային ջրերում, երբ նավարկել է Աբխազիա։ Մինչդեռ, թուրքական նավատեր-ընկերության ներկայացուցիչների տվյալներով, BUKET-ը կալանվել է չեզոք ջրերում, թուրքական Սինոպ նավահանգստից 96 մղոն հեռավորության վրա։
Փորձագետները համոզված են, որ Ահմեդ Դավութօղլուն Վրաստանի նախագահին է ներկայացրել բավական համոզիչ փաստարկներ, որոնք էլ ստիպել են Սահակաշվիլուն՝ անմիջապես փոխել BUKET-ի նավապետի վերաբերյալ արդեն կայացված որոշումը։ «Կոմերսանտ» թերթի աղբյուրների տվյալներով, թուրքական ԱԳՆ ղեկավարը, փաստորեն, նավապետի ճակատագրի հարցի լուծումը կապել է տարածաշրջանի քաղաքական ու տնտեսական կարեւորագույն խնդիրների հետ՝ պատկերավոր կերպով նկարագրելով Վրաստանի նախագահին բացասական հնարավոր հետեւանքները՝ BUKET նավի գործում Վրաստանի ոչ կառուցողական դիրքորոշման պահպանման դեպքում։
«Առայժմ Թուրքիան Աբխազիայի հետ պահպանում է հիմնականում առեւտրական հարաբերություններ։ Իսկ Սուխումի հետքաղաքական շփումների աշխուժացումը կարող է գնահատվել որպես Անկարայի կողմից Աբխազիան ճանաչելու առաջին քայլ։ Երկրորդ փաստարկը կապված է տնտեսական հարցի հետ։ Մասնավորապես, հայ-թուրքական հաշտեցման գործընթացները, որոնք կարող են տհաճ հետեւանքներ ունենալ Թբիլիսիի համար։ Անցած շաբաթվա վերջում թուրքական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով դիվանագիտական սղբյուրներ, հաղորդել էին, որ Անկարան լիովին կարող է աջակցել Nabucco ծրագրին Հայաստանի միանալուն, որտեղ վերջինս կփոխարինի քաղաքականապես անկայուն Վրաստանին։ Հաշվի առնելով այս ամենը, ըստ երեւույթին, թուրք նավապետին ազատ արձակելը Միխեիլ Սահակաշվիլին համարել է չարյաց փոքրագույնը»,- նշել է պարբերականը։




























