Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 9-ին ընդունել է  Հայաստանում Կորեայի դեսպան Լի Յոուն Հոյին եւ նրա հետ քննարկել տնտեսության, կրթության եւ գիտության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով արդեն իրականացված համատեղ ծրագրերին` գոհունակություն է հայտնել  Երեւանի ՋԷԿ-ի համակցված ցիկլով նոր էներգաբլոկի շինարարությանը կորեական ընկերության մասնակցության, ինչպես նաեւ հայ-կորեական գործարար համաժողովների, սեմինարների եւ մշակութային միջոցառումների անցկացման կապակցությամբ:

Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կորեայի կառավարությանը Հայաստանին տրամադրված տեխնիկական օժանդակության, ինչպես նաեւ Վ.Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի կորեական լեզվի ուսումնասիրության կենտրոնին ցուցաբերված աջակցության համար: Նա նշել է նաեւ, որ  Հայաստանը հրավեր է ստացել` մասնակցելու 2011 թ. ընթացքում Կորեայում կայանալիք Buy Korea-2011 առևտրաարդյունաբերական եւ Seoul Food Show սննդարդյունաբերական ցուցահանդեսներին: