Միջազգային շուկաներում պահպանվում է նավթի բարձր գինը, որը երեքշաբթի՝ դեկտեմբերի 7-ին առաջին անգամ վերջին 26 ամսում գերազանցեց 90 դոլար/1 բարել սահմանագիծը։ Հինգշաբթի նավթի գները փոփոխվել են աննշան։ Նյու Յորքում թեթեւ նավթն (Light Sweet Crude Oil) արժեր 88,65 դոլար, իսկ Եվրոպայում Brent տեսակը՝ 90,63 դոլար։
Նավթի բարձր գինը պահպանվում է զարգացող երկրների (Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա) տնտեսական բարձր աճի, ինչպես նաեւ զարգացած երկրների (առաջին հերթին՝ Ճապոնիայի) սպասվածից ավելի բարձր աճի պատճառով։
Փորձագետների մեծ մասը նավթի գների էական նվազում առաջիկա 1-2 ամսում չի կանխատեսում։ Ավելին՝ որոշ փորձագետներ խոսում են այն մասին, որ աճող պահանջարկի պայմաններում նավթի գինը կգերազանցի 100 դոլարը։
Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը դեկտեմբերի 9-ին, հանդես գալով Վերահսկիչ պալատում, հայտարարեց, որ առաջիկայում Ռուսաստանը պետք է ապրի 70 դոլարից բարձր գնի պարագայում։ Սակայն նա չբացառեց, որ առաջիկա 3 տարիների ընթացքում կարող են լինել ժամանակահատվածներ, երբ նավթի գինը կիջնի 60 դոլարից ցածր։
Նավթի գների աճը Հայաստանի վրա երկակի ազդեցություն է թողնում։ Նախ, այն նպաստում է Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների աճին, քանի որ բարելավվում է Ռուսաստանի սոցիալ-տնտեսական վիճակը։ Հատկապես Ամանորի նախաշեմին Հայաստանի համար դա էական նշանակություն ունի։ Մյուս կողմից՝ թանկանում է բենզինը եւ մյուս վառելիքը, որն առանց այն էլ բարձր գնաճային միջավայրում անցանկալի հետեւանքներ է թողնում։
Եթե փորձագետների կանխատեսումներն իրականանան, ապա անխուսափելիորեն հունվարից Հայաստանում բենզինը կթանկանա, թեեւ հիմա արդեն նկատելի է բենզինի գների ոչ մեծ աճ։




























