Հայաստանն ու Իրաքը քննարկում են նավթային ոլորտում համագործակցության հնարավորությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  ասել է Իրաքի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, երկրորդ քարտուղար, Երեւանում Իրաքի դեսպանատան քաղաքական վարչության ղեկավար  Ուալիդ Խալիդ Ալ Թահան:

«Մենք այստեղ ենք Հայաստանի եւ Իրաքի հարաբերությունների առաջընթացին նպաստելու համար, մասնավորապես՝ առեւտրի ոլորտում: Ինչպես գիտեք, 2016 թվականի արդյունքերով՝ երկու երկրների  առեւտրաշրջանառությունը կազմել է 153 մլն դոլար: Եվ մենք աշխատում ենք այդ ցուցանիշը մեծացնելու ուղղությամբ: Մենք Հայաստանում արդեն 2 տարի է աշխատում ենք, սակայն մեզ նաեւ հայկական կողմի օգնությունն է պետք», - ասել է Ուալիդ Խալիդ Ալ Թահան:

Ինչ վերաբերում է էներգետիկայի ոլորտի փոխգործակցության հեռանկարներին, մասնավորապես Իրաքից Հայաստան էներգոռեսուրսների ներկրմանը, նա նշել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում նավթային ոլորտում համագործակցելու համար: