Քանի դեռ Քուրդիստանը չի ճանաչվել որպես անկախ պետական միավոր, լարվածությունն ու պատերազմի սպառնալիքը տարածաշրջանում կպահպանվեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է թուրք-քրդական հակամարտության հարցերով մասնագետ Կարեն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ Քուրդիստանը եւս մեկ առիթ է, որպեսզի տարածաշրջանում «ապահովվի» անկայուն վիճակ: «Ինչպես հայտնի է՝ Քուրդիստանի հարեւան պետությունները կտրականապես դեմ էին այս հանրաքվեին, ավելին՝ հարեւաններից ոմանք՝ Թուրքիան եւ Իրաքը, անընդհատ հայտարարում են հնարավոր ռազմական գործողությունների մասին: Դե սա արդեն իսկ բավական է, որպեսզի անկայուն ու պայթունավտանգ իրավիճակ ստեղծվի տարածաշրջանում: Ամեն դեպքում քանի դեռ Քուրդիստանին չեն ընդունել որպես անկախ պետական միավոր՝ տարածաշրջանը լինելու է լարված ու պատերազմի վտանգով լցված»,- նշել է Կարեն Հովհաննիսյանը։
«Իրանի դեպքում կարծում եմ կարելի է բացառել ուժի կիրառումը, եթե Իրանի սահմանին վտանգ չսպառնա: Իսկ ահա Թուրքիաի դեպքում իրադրությունն այլ է։ Թուրքիան կարծում եմ կփորձի ավիահարվածներ հասցնել ՔԲԿ-ի ենթադրյալ թիրախներին կամ ԻՊ-ի դեմ կոալիցիոն պայքարի շրջանակներում կփորձի Քուրդիստանում որոշակի ռազմական գործողություններ իրականացնել, որոնք սակայն կլինեն թույլ եւ անարդյունք»: Կարեն Հովհաննիսյանը չի բացառում նաեւ , որ ռազմական գործողություններ կարող են առհասարակ չլինել, ու Թուրքիան կբավարարվի միայն ջղաձիգ հայտարարություններով:



























