Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին՝ ուղեկցությամբ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի: NEWS.am-ը Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ հանդիպմանը Նորին Սրբությունն ուրախությամբ նշել է, որ հաճելի է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի ներկայացուցիչներին: Վեհափառ Հայրապետը գնահատանքով նշել է ֆրանսիացի պատգամավորի անձնական ներդրումը հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության ամրապնդման գործում:
Խոսելով Սուրբ Էջմիածնի հոգեւոր առաքելության, հայ ժողովրդի կյանքում ունեցած դերակատարության մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընգծել է, որ հայ ժողովուրդն իր քրիստոնեական զորեղ հավատքի շնորհիվ կարողացավ հաղթահարել պատմության ընթացքում իրեն բաժին ընկած բազում փորձություններ, այդ թվում նաեւ` Հայոց Ցեղասպանությունը:
Նորին Սրբությունն այս կապակցությամբ իր խորին երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի բարեսեր ժողովրդին` Հայոց Եղեռնը վերապրած հայորդիներին իրենց երկրում ապաստան տալու եւ օգնելու առնչությամբ:
Իր հերթին պատգամավոր Օլիվիե Դասոն նշել է, որ հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը շատ խորն է եւ ունեցել է բազում գեղեցիկ դրսեւորումներ: Պատգամավորը հույս է հայտնել, որ մարդկության պատմության մեջ այլեւս նման ողբերգություններ տեղ չեն գտնի:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պրն. Դասոյին մաղթել է արդյունավոր գործունեություն իր պատասխանատու առաքելության մեջ:




























