«Պատանի լրագրողների» դպրոցում 22-ամյա Լեւոն Սահակյանի սպանության գործով այսօր՝ սեպտեմբերի 27-ին, նշանակված հերթական նիստը հետաձգվեց:
Գործով առանցքային վկա Գեւորգ Երիցյանին չէին կարողացել բերման ենթարկել` սխալ հասցեի պատճառով: Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց միջոցներ ձեռնարկել նրան հայտնաբերելու համար:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին:
Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունը սկսվել էր Լեւոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Լեւոնի նշանածն աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ, սակայն աշխատավարձ այդպես էլ չի ստացել: Դեպքի օրը Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել եւ կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը տալու համար, սակայն, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երկու օր անց մահացել է:
Վահան Ղազարյանը կալանավորված է:


























